Բարելավվում են գյուղոլորտում լիզինգի աջակցության պայմաններն ու ընդլայնվում տրամադրվող սարքավորումների շրջանակը

Բարելավվում են գյուղոլորտում լիզինգի աջակցության պայմաններն ու ընդլայնվում տրամադրվող սարքավորումների շրջանակը

Կառավարությունը հաստատեց ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության, այսինքն՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու որոշումը։ Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ ծրագիրը բավական պահանջված է, և մեկնարկից՝ 2018-ից սկսած մինչև 2020 թվականի դեկտեմբեր հաստատվել է 201 շահառուի 293 լիզինգի հայտ՝ 8,9 մլրդ դրամի չափով։ Դրա շրջանակում ձեռք է բերվել 750 միավոր սարքավորում, իսկ կառավարության կողմից տրամադրված սուբսիդավորման գումարը կազմել է 266 մլն դրամ։

«Այս որոշմամբ սահմանվում է, որ յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքի հանրագումարի առավելագույն 450 մլն դրամի շեմը բարձրացվում է մինչև 1 մլրդ դրամի»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ծրագիրը միտված է գյուղատնտեսությունը խոշորացնելուն, այսինքն՝ խթանելու գյուղատնտեսներին՝ ավելի մեծ ծրագրեր ձեռնարկել և բարձրացնել իրենց արտադրողականությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունն ի սկզբանե խնդիր էր դրել, որ գյուղատնտեսության աջակցման ու զարգացման ծրագրերը պետք է դարձնել ավելի ու ավելի արդյունավետ։ «Եվ հայտնի է, որ մենք բովանդակային էական փոփոխություններ ենք կատարել գյուղատնտեսության աջակցման գործիքներում։ 2020 թվականին մենք ընդամենը երկու ոլորտ ունենք, որտեղ աճ է գրանցվել։ Եվ այդ երկու ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է։ Եվ այս գործում, կարծում եմ, որոշակի դերակատարում ունի նաև այս ծրագիրը»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2020 թվականի ընթացքում լիզինգի ծրագրով ծախսվել է շուրջ 9 մլրդ դրամ, 576 շահառուի կողմից ձեռք է բերվել 950 միավոր տեխնիկա։ Սա, նրա խոսքով, բավական մեծ թիվ է Հայաստանի համար: «2019-ին էլ մենք շատ հաջող ավարտեցինք այս ծրագիրը»,- նկատեց վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում