Ինտենսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրի երկու շահառու պետությունից շուրջ 50 մլն դրամ է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննության արդյունքում պարզվել են ՀՀ Կառավարության 2019 թ. մարտի 29-ին «ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» 361-Լ որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրով, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Պետությունը, նպատակ ունենալով այգետնկումներով խթանել հանրապետությունում պտղաբուծության և խաղողագործության զարգացումը, խաղողի, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, պտուղների և հատապտուղների ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը՝ Կառավարության որոշմամբ սահմանել է կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում:
Քննությամբ ձեռք են բերվել փաստեր առ այն, որ Արարատի մարզի բնակիչ Ս. Ղ.-ն և Երևան քաղաքի բնակիչ Վ. Հ.-ն, մասնակցելով նշված ծրագրին, վարձակալությամբ յուրաքանչյուրն իրենց պատկանող հողամասերում հիմնել են ընկուզենու և նուշի ինտենսիվ այգի։ Պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, փոխհատուցում ստանալու նպատակով, ի թիվս հիմնավորող այլ փաստաթղթերի, նրանք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր։ Արդյունքում՝ չկատարած ծախսերի դիմաց 2022 թ. ապրիլ ամսին Ս.Ղ-ն. պետությունից ստացել է 24.225.000 ՀՀ դրամ, իսկ Վ. Հ.-ն՝ 26.125.000 ՀՀ դրամ գումար, որոնք խարդախությամբ հափշտակել են:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ