Մեքսիկան ողջունել է Բայդենի ընդունած միջոցներն՝ ուղղված ԱՄՆ-ում միգրանտների օրինականացմանը

Մեքսիկան ողջունել է Բայդենի ընդունած միջոցներն՝ ուղղված ԱՄՆ-ում միգրանտների օրինականացմանը

Մեքսիկայի իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումն ԱՄՆ-ում 500 000 ներգաղթյալների օրինականացումը դյուրացնող միջոցների ձեռնարկման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության կողմից հունիսի 18-ին հրապարակված հայտարարության մեջ։

«Այսօր (խմբ․՝ հունիսի 18-ին) հայտարարված միջոցները մենք համարում ենք դրական՝ վստահ լինելով, որ մեր հարաբերությունների ամրապնդումը բարիդրացիության, ժողովուրդների ինքնիշխանության հարգման և տնտեսական համագործակցության աջակցության քաղաքականության շրջանակներում ճիշտ ուղի են՝ երաշխավորելու անվտանգ, կարգավորված, կանոնավոր և մարդասիրական միգրացիան», - նշված է հայտարարության մեջ։

Մեխիկոյում համոզմունք են հայտնել, որ Վաշինգտոնի հետ մեկտեղ պետք է ամեն գնով խուսափեն միգրանտների նկատմամբ այլատյացության կամ խտրականության գործողություններից:

Բայդենը հունիսի 18-ին հայտարարել է ԱՄՆ քաղաքացիների հետ ամուսնացած ներգաղթյալների համար ԱՄՆ-ում օրինական կարգավիճակ ստանալու գործընթացում փոփոխությունների մասին։

Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից ավելի վաղ տարածված տեղեկատու նյութերի համաձայն՝ ծրագիրը, որը կգործարկվի առաջիկա ամիսներին, կվերաբերի մոտավորապես 500 000 ամուսինների կամ կանանց, որոնք հունիսի 17-ի դրությամբ առնվազն 10 տարի ապրել են ԱՄՆ-ում, ինչպես նաև 21 տարեկանից փոքր շուրջ 50 000 երեխաների, որոնց ծնողներն ԱՄՆ քաղաքացիներ են։

Ծրագրի շահառուները, հավանաբար, մեծամասամբ մեքսիկացիներ կլինեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում