Գյումրին մերժելու է կեղծ բարեպաշտությունը. Բաբաջանյանն անդրադարձել է Ղուկասյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը

Գյումրին մերժելու է կեղծ բարեպաշտությունը. Բաբաջանյանն անդրադարձել է Ղուկասյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությանը:

«Տարածվող հեռախոսազրույցին չէի անդրադառնա, եթե չլիներ մի խորապես զազրելի հանգամանք։ Զրույցի մասնակիցը՝ մի անձ, ով ամեն պատեհ և անպատեհ առիթով Աստծո անունն է շուրթերին բարձրացնում, նույն այդ շուրթերով թույլ է տալիս իրեն արհամարհել, նվաստացնել և հայհոյել աղքատության դատապարտված գյումրեցուն։ Այդ մարդը անարգում է, ստորացնում է մարդկանց արժանապատվությունը, որը Գյումրին երբեք չի կորցրել։

Գյումրիի ընտրությունները տեղի են ունենում Մեծի պահոց շրջանում՝ հոգու զտման, խոկման, ինքնաքննության ժամանակահատվածում։ Այս օրերին ճշմարիտ հավատացյալը լռում է՝ որպեսզի ներսում լսի իրեն, որպեսզի Աստծո լույսը բացահայտի իր ներսում, ոչ թե օգտագործի Նրա անունը որպես քաղաքական նշանաբան։

Երբ Աստծո անունը դառնում է մերկ քող՝ թաքցնելու համար սեփական ցինիզմը, իսկ աղոթքը՝ քաղաքական գործիք սեփական շահն առաջ տանելու համար, ապա այնտեղ չկա հավատք։ Կա պիղծ շահ, կա ստի հանդեպ ենթակայություն, կա իշխանության ծարավ, որն ի վիճակի է ոտնահարել ամեն սուրբ բան՝ մարդկանց արժանապատվությունից մինչև Աստծո անվան իմաստը։

Աստվածամերժությունը հաճախ դրսևորվում է բարեպաշտ կեցվածքով, կեղծ բարեկրթությամբ և բազմակի խաչակնքումով։ Բայց հենց այդ պահերին ճշմարիտ հավատացյալը զգում է սուտը՝ երբ խաչի նշանը չեզոքացնում է ոչ թե մեղքը, այլ միայն խեղդում խղճի վերջին ձայնը։

Գյումրին մերժելու է նման կեղծ բարեպաշտությունը։ Ոչ թե Աստծո անունով խոսողին, այլ նրան, ով փորձել է Աստծո անունը դարձնել անձնական խավարի դիմակ։ Գյումրին կընտրի մաքրությունը ոչ թե խոսքի ձևի, այլ բովանդակության մեջ։

Ոչ ոք իրավունք չունի աղքատության հասցված քաղաքի և քաղաքացու հետ խոսել վերևից։ Ոչ ոք: Ոչ ոք»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով անցնող և այժմ համայնքի ղեկավարի աթոռին կրկին հավակնող Վարդան Ղուկասյանը՝ Վարդանիկը, հայտնվել է նոր աղմուկի կենտրոնում:  

Համացանցում է հայտնվել նրա և անհայտ անձի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում Ղուկասյանը սպառնալիքներով պահանջում է կանչել մի շարք մարդկանց և նշում, որ վերջիններս «պրոբլեմ» են ունենալու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում