Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակում անգնահատելի է հայ ժողովրդի դերը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով։ Դրանում ասված է․
«Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր մենք նշում ենք Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը: Այդ հաղթանակով առաջադեմ մարդկությունը ոչ ասաց քաղաքակրթության տեսած ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին:
Հաղթանակի գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան: Նրանցից 300 հազարը զոհվեցին, 107 հայեր արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման:
Բազմաթիվ հայեր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաև պատերազմի արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա պայքարում: Բոլորովին վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցավ մի բացառիկ արարողություն, երբ Ֆրանսիական ընդհատակյա դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում:
Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայում Մանուշյանը և նրա ղեկավարած խումբը պայքարում էին այդ երկրի ազատագրման համար` չունենալով նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացիություն: Նա, ինչպես նաև դաշնակիցների բանակներում ծառայող հայերը կռվում էին մարդկության ազատության համար, և այդ ներդրումը ճանաչված ու գնահատված է: Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը:
Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա:
Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին:
Շարունակում եմ համոզված մնալ, որ նրանց հիշատակի հավերժացման ամենաարժանի գործն ազատ, երջանիկ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը կլինի: Եվ մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Կարծիքներ