Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում. Տաթևիկ Հայրապետյան
Թուրքիան խոսում է հակաահաբեկչական պայքարի մասին, մինչդեռ հենց այս պահին ահաբեկիչներ է բերում տարածաշրջան՝ պայքարելու հայերի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ–ում «Թուրքիայում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ նոր ճնշումներ. հրատապ անհրաժեշտություն Եվրոպայի Խորհրդի չափանիշների պահպանման համար» վերտառությամբ զեկույցի քննարկման ժամանակ:
«Տարօրինակ չէ, որ ադրբեջանցի պատգամավորներն ավելի ակտիվորեն են պաշտպանում Թուրքիային, քան անգամ թուրք պատգամավորները, չէ՞ որ Ադրբեջանը քայլ առ քայլ վերածվում է Թուրքիայի շրջաններից մեկի: Ավելին, Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն ակնհայտորեն հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրենց խնդիրները լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը: Թուրքիան խոսում է հակաահաբեկչական պայքարի մասին, մինչդեռ հենց այս պահին Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ, որոնք պետք է պայքարեն հայերի դեմ: Դրա մասին ես չեմ ասում, դրա մասին խոսում է միջազգային մամուլն ու մի շարք երկրների ղեկավարներ՝ հստակ փաստեր ներկայացնելով»,- նշել է պատգամավորը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան ակնհայտ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին ոչ միայն դիվանագիտական առումով, ինչպես պնդում են, այլ ակնհայտ հայտարարելով, որ պատրաստ է զորքեր ուղարկել՝ ի աջակցություն ադրբեջանական ագրեսիայի:
«Ադրբեջանում խոսում են ժողովրդավարության մասին այն դեպքում, երբ իրենք ղեկավարվում են մի բռնապետի կողմից 17 տարի շարունակ և որտեղ փոխնախագահը նախագահի կինն է: Ի վերջո, ներքին ու արտաքին քաղաքականությունը փոխկապակցված է և այժմ ակնհայտ է, որ Թուրքիան ապակայունացնող դեր է խաղում աշխարհի տարբեր հատվածներում: Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում»,-նշել է պատգամավորը:
Կարծիքներ