Երկու երիտասարդներ օժանդակել են 2019թ. Նորատուսի 40-ամյա բնակչի սպանության կատարմանը. նրանց մասով նախաքննությունն ավարտվել է

Երկու երիտասարդներ օժանդակել են 2019թ. Նորատուսի 40-ամյա բնակչի սպանության կատարմանը. նրանց մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչութ­յան մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019թ. Նորատուս գյուղի բնակչի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 մեղադրյալի մասով: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

«2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձը իր մոտ ապօրինի գտնվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել Նորատուսի բնակչի՝  Սևան-Մարտունի ավտոճանապարհով երթևեկող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս մահացել էր, իսկ մեքենայում գտնվող նրա համագյուղացին՝  ստացել մարմնական վնասվածքներ:

Իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես, պարզվել է, որ Երևանի բնակիչներ Հ.Մ-ն և Հ.Դ.-ն քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ համաձայնության են եկել վրեժխնդրության շարժառիթով 40-ամյա տղամարդու սպանության իրականացման շուրջ։ Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով անհայտ անձը ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող ինքնաձիգ։ Հ.Դ.-ն նրան, որպես հանցագործության կատարման միջոց, Հ.Մ.-ի միջոցով տրամադրել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որը Հ.Դ.-ն վերցրել էր Երևան քաղաքի մի բնակչից՝  մեկ այլ անձի վարձույթով տրամադրելու պատրվակով:

Այնուհետև, վարույթով դեռևս չպարզված անձինք նշված ավտոմեքենայով Երևան քաղաքից մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ՝  Սևան-Մարտունի ավտոճանապարհի Նորատուս համայնքի մոտակայքում դարանակալել և սպասել են 40-ամյա տղամարդուն:

Հետո, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում իրենց վարած ավտոմեքենայով հետևելով վերջինիս՝ ժամը 09:30-ի սահմաններում վազանցել են այն, և անհայտ անձը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի տանիքի հատվածում առկա դիտանցքից իր մոտ առկա ինքնաձիգից կրակահերթ է արձակել «ՈՒԱԶ»-ի ուղղությամբ։ Արդյունքում  40-ամյա տղամարդուն պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի, իսկ նրա ուղևորին՝  թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Հանցանքի կատարումից հետո անհայտ անձինք վերադարձել են Երևան, որտեղ Հ.Մ.-ն, նախապես խոստացված կերպով օժանդակելով սպանության կատարմանը, «Մերսեդես Բենց»-ի վրա գտնվող կրակոցի արգասիքները վերացնելու նպատակով այն տվել է լվացման:

Բացի այդ, Հ.Դ.-ն ավտոմեքենան լվացել է Երևանի մեկ այլ ավտոլվացման կետում դրա վրա առկա հետքերն իսպառ վերացնելու՝ հանցանքի նախապես խոստացված պարտակում կատարելու նպատակով:

Ձեռք  բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ Հ.Մ.-ին և Հ.Դ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Հիշյալ 2 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝  այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:

Ձեռնարկվում են միջոցառումներ ինչպես սպանությունը կատարած, այնպես էլ դրա կատարմանն օժանդակած այլ անձանց ինքնությունները պարզելու, հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում