Երևանի քաղաքապետը՝ մետրոյի նոր կայարանի մասին

Երևանի քաղաքապետը՝ մետրոյի նոր կայարանի մասին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում անդրադարձավ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մասին հարցին:

«Դեռևս 2021 թվականին մրցույթ էր հայտարարվել մետրոպոլիտենի նոր կայարանի հետ կապված նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար, առանց ֆինանսական միջոցների առկայության, ինչը «Գնումների մասին» օրենքով հնարավորություն է տալիս: Քաղաքապետարան փոխանցվեցին համապատասխան դրամական միջոցներ նախկինում քրեական գործի շրջանակում: Այդ դրամական միջոցներով առաջին փուլը ֆինանսավորվեց: Նախագծումը երեք փուլով պետք է իրականացվի: Պայմանագիրը մոտ օրերս կստորագրենք, կսկսվեն նախագծման աշխատանքները:

Ըստ պայմանագրի՝ նախագծումը մեկ տարի է տևելու: Ենթադրվում է, որ հաջորդ տարի այս ժամանակահատվածում արդեն կունենանք պատրաստի նախագիծ, որը հնարավորություն կտա փորձաքննության ենթարկել, որից հետո պետք է մրցույթ հայտարարենք շինարարական աշխատանքների համար»,- ասաց քաղաքապետը:

Սարգսյանը նշեց, որ ՀՀ վարչապետի կողմից կա հանձնարարական՝ պարզելու, թե ինչ ֆինանսական միջոցներով է իրականացվելու մետրոյի նոր կայարանի կառուցումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում