Ռուսաստանը Իտալիայի դեսպանատանը կից ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Մոսկվան, Հռոմի գործողություններին ի պատասխան, կարտաքսի իտալական դիվանագիտական առաքելության աշխատակցին, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:
«Մոսկվայում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերաչչանոն հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան նախարարության նոտա է հանձնվել պաշտպանության հարցերով կցորդի օգնական, Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի դեսպանատանը կից ռազմածովային կցորդ Կուրցիո Պաչիֆիչին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին»,- նշել են գերատեսչությունում:
Նա մեկ օրվա ընթացքում կլքի երկրի տարածքը։
ԱԳՆ-ում նաև ոչ բարեկամական և անհիմն են համարել իտալական իշխանությունների գործողությունները:
Իր հերթին, Հռոմում նաև անարդար են համարել Մոսկվայի որոշումը:
Իտալական կարաբիներները մարտի 30-ին ձերբակալել են ռուս սպային, որը հավատարմագրվել է Հռոմում դեսպանատանը, և Իտալիայի ռազմածովային ուժերի երկրորդ կարգի կապիտան Վալտեր Բիոտին՝ լրտեսության մեղադրանքով:
Գործողությունը տեղի է ունեցել նրանց միջև գաղտնի հանդիպման ժամանակ՝ իտալացի սպայի գաղտնի փաստաթղթերը դրամական գումարի դիմաց փոխանցելուց անմիջապես հետո։ Ռուսաստանցին խուսափել է կալանքից՝ իր դիվանագիտական կարգավիճակի պատճառով, Բիոտիին կալանավորել են։
Ռուսաստանի հարաբերությունները արևմտյան երկրների հետ շարունակում են վատանալ։ Վերջին շաբաթների ընթացքում ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին հայրենիք ուղարկելու մասին տարբեր պատճառներով հայտարարել են Միացյալ Նահանգները, Բուլղարիան, Ուկրաինան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան:
Կարծիքներ