Բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ. Փաշինյանը ԶՈՒ-ին հորդորում է զբաղվել իր գործով

Բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ. Փաշինյանը ԶՈՒ-ին հորդորում է զբաղվել իր գործով

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին հրամայում է զբաղվել իրենց գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ՝ շեշտելով, որ բանակի չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ: Փաշինյանն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում իր հրավիրած հավաքին:

«Նախ որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ, իմ հրամանը Զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին՝ պարոնայք, զբաղվում եք ձեր գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ: Սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը»,-ասաց Փաշինյանը:

Այնուհետև անդրադառնալով նրան, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 25-ին՝ նա ասաց. «Մեր բանակին, մեր զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ, և ես այսօր հստակ գնահատել եմ, որ ԳՇ կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում ՀՀ-ում: Բայց ես ուզում եմ նաև ասել, որ մեր բանակը մեր բանակն է՝ մեր կողմից պաշտելի: Եվ ես համոզված եմ, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունը ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո: Նրանց իմ ասելիքը մեկն է՝ պարոնայք, զբաղվում եք ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ, դուք պետք է իրականացնեք ձեր գործը, բանակը չի կարող հետ նայել, բանակը չի կարող թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ, բանակը պետք է միայն ու միայն ենթարկվի ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը: Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, ընդդեմ պետության, օրինականության, ՀՀ անվտանգության: Եվ ես պահանջում եմ՝ նույնիսկ այն բարձրաստիճան սպաները, որ լքել են իրենց ծառայության վայրերը, հենց հիմա վերադարձեք և ապահովեք երկրի անվտանգությունը»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: «Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել էր Փաշինյանը: Փաշինյանն իր աջակիցների հետ քայլել էր Երևանի կենտրոնական փողոցներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում