Ռոբերտ Քոչարյանը չգիտեր՝ ինչ է Ցեղասպանության հարցը, բայց գիտեր, որ այն Սփյուռքից «փող քերելու» միջոց է
«Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Հայաստանի բոլոր իշխանությունները, ի տարբերություն այսօրվա իշխանության, Ցեղասպանության ճանաչումը դարձրել էին արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, եւ պետությունների զգալի մասը ճանաչել է այ էս ընթացքում, ի տարբերություն ձեզ, որ դա դադարեցրել է եւ պաշտոնապես հայտարարել է»:
Ինչպես գրում է «Հայկական Ժամանակը»` Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ, նման հայտարարություն է արել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեղադրելով իշխանությանը հայ ժողովրդին խաբելու, նախընտրական քարոզարշավի ժամանակ «հայկական ցեղասպանության ճանաչման գործունեությունը շարունակել» խոստանալու համար, որը, սակայն, այսօր դրժվել է։
«Մի քանի օր առաջ էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ այլեւս Ցեղասպանության ճանաչման հարցը առաջնահերթություն չէ։ Դուք ստել եք հայ ժողովրդին՝ պաշտոնի գալու համար»,- խրոխտ ազդարարեց դաշնակցական պատգամավորը՝ մոռանալով այն մեծաբերան խոստումները, որոնք տվել, ապա դրժել է ՀՅԴ-ն իր «ծննդյան փուչ օրից»։
Արթուր Խաչատրյանի այս պնդումը՝ ի արձագանք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հիշեցման էր, թե, երբ ՀՅԴ-ին պետք է, արդարացնում է Թուրքիայի հետ բանակցությունները, իսկ երբ պետք չէ՝ դատապարտում է։
Մարիա Կարապետյանն ի հավելումն նշեց, որ Արթուր Խաչատրյանը նստում է մեկի կողքին՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին, որը «բանակցում էր ԱՄՆ պետքարտուղարության հետ, ասում էր, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դիմաց ինքը կմիջամտի ԱՄՆ-ում հայկական Սփյուռքին, որպեսզի բանաձեւը կոնգրեսում չընդունվի»։
Ամերիկացի դիվանագետների հետ մի զրույցում, ըստ տարիներ առաջ WikiLeaks-ի գաղտնազերծած հեռագրերի, Քոչարյանն ասել է, որ սփյուռքահայ կազմակերպությունները ճնշումներ են բանեցնում, որպեսզի Երեւանը աջակցի Կոնգրեսում հայկական բանաձեւի անցկացմանը, սակայն ինքը հրաժարվել է. «Ես դա չեմ ուզում: Իմ ուզածն այն է, որ սահմանը բաց լինի»:
Այս զրույցը, ըստ WikiLeaks-ի, կայացել է 2007 թվականի մարտի 30-ին ամերիկացի դիվանագետ, պետքարտուղարի տեղակալի օգնական Մ․ Բրայզայի եւ նախագահ Քոչարյանի միջեւ: Կայքը ներկայացրել էր նաեւ նույն շրջանում տեղի ունեցած մեկ այլ զրույց Բրայզայի եւ Օսկանյանի միջև։ Ըստ պետքարտուղարություն ուղարկված հեռագրի՝ Օսկանյանն ասել է, որ եթե Թուրքիան հակված լինի բացելու սահմանը, ապա ինքը կմեկնի ԱՄՆ եւ Հայաստանի ընկերներին ու հայամետ խմբերին հետ կպահի Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից: Օսկանյանի դիտարկմամբ, եթե Թուրքիան ցանկություն ունենար վերագործարկելու Կարս-Գյումրի երկաթգիծը, դա Հայաստանի իշխանությունների համար բավական կլիներ, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցով զբաղվի միայն ամերիկահայ համայնքը: Հայաստանը, Օսկանյանի խոսքով, չի կարող երաշխավորել ցանկալի արդյունք, սակայն կփորձի Վաշինգտոնի բարեկամներին համոզել, որ Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը հակասում է Հայաստանի շահերին, եթե, անշուշտ, թուրքերն իրական տեղաշարժ արձանագրեն սահմանի բացման հարցում:
Ահա այսպիսի գործարք իրականացրած գործչի կուրացիայի ներքո է պատգամավոր աշխատում Արթուր Խաչատրյանը, որը, նկատենք, եթերում ուզում էր տպավորություն թողնել, թե տեղյակ չէ՝ այդ ինչ բանաձեւի մասին է հիշեցնում Մարիա Կարապետյանը։
Դառնանք դաշնակցական պատգամավորի պնդմանը, թե ՀՀ բոլոր նախագահների օրոք Ցեղասպանության հարցը եղել է արտաքին քաղաքականության օրակարգում։ Սա կեղծիք է եւ սպեկուլյատիվ սուտ, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք այդ հարցը ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների թվում չի եղել՝ քաղաքական հաշվարկներից ելնելով։ Տեր-Պետրոսյանը ժամանակին հայտարարում էր, որ թեեւ «Հայոց համազգային շարժումը» չի հրաժարվում Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, սակայն այն չի կարող դառնալ պետական քաղաքականության օրակարգի հարց։
«Հայ Դատը, արեւմտահայության իրավունքներն իր պատմական հայրենիքի նկատմամբ պետական քաղաքականության օրակարգի հարց կդառնան միայն այն ժամանակ, երբ Հայոց պետությունն ի վիճակի կլինի սեփական ուժերով լուծել այդ խնդիրները»,- հայտարարել էր Տեր-Պետրոսյանը «Հայոց համազգային շարժման» 2-րդ համագումարում։
Ավելին` աղբյուրի կայքում:
Կարծիքներ