Ադրբեջանը հայտարարել է գերևարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին կալանավորելու մասին
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։
Ադրբեջանական կողմը Ոսկանյանին մեղադրում է իբրև «Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն և հետախուզական խմբի կողմից՝ ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու հետ կապված»։ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
«Նախաքննությունը շարունակվում է, որի արդյունքների մասին հանրությանը կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն»,- հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։
Այնուհետև պարզվեց, որ ադրբեջանական կողմից ձերբակալված հայ զինծառայողը դիրքը լքած պահեստազորայինն է։
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութը, թե ինչպես են ադրբեջանցիները ձերբակալում պահեստազորայինին և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ։
Գերևարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Կարծիքներ