Ադրբեջանի կողմից լարվածություն հրահրելու ինտենսիվ փորձերն ունեն շատ պատճառներ. Արմինե Մարգարյանը նշել է մեկը

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից սահմանային լարվածություն հրահրելու վերջին օրերի փորձերին և նշել, թե ՀՀ-ն ինչ սցենարի պետք է պատրաստ լինի:
«Ադրբեջանի կողմից սահմանային լարվածություն հրահրելու վերջին օրերի ինտենսիվ փորձերն ունեն շատ պատճառներ, բայց ես հատկապես կառանձնացնեի այս մեկը՝
Ադրբեջանը ցանկանում է գետնի վրա իրավիճակը փոխելով հասնել ԵՄ քաղաքացիական առաքելության դուրս բերմանը Հայաստանից: Մեկ «պատահական» կրակոցն անգամ դիտորդների մեքենայի ուղղությամբ կարող է փոխել գետնի վրա իրավիճակը:
Նախ՝ սրանով մինիսուլթանը կփորձի վարկաբեկել Առաքելությանը: Երկրորդ, ԵՄ-ի ներսում դժգոհություններ կառաջացնի դիտորդների անվտանգության համատեքստում՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով: Կօգտվի Ուկրաինայում Եվրոպական ներկայություն ունենալու վերաբերյալ ՌԴ – ի կտրուկ դիրքորոշումից և հավասարության նշան դնել նաև այս տարածաշրջանի համար:
Կարծում եմ, մենք պետք է պատրաստ լինենք այս սցենարին և համապատասխան գործիքակազմով այն ներկայացնենք և՛ Բրյուսելին, և՛ Վաշինգտոնին:
Հ.Գ. Հիբրիդային պատերազմը միայն տեղեկատվական դաշտում մղվող պայքարը չէ: Հիբրիդային պատերազմը տարբեր գործիքակազմերի ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ օգտագործումն է: Ադրբեջանն այս պահին հենց դա էլ անում է»,- գրում է Մարգարյանը:
Կարծիքներ