ՀՀ ԱԳ նախարարի և Հավր Սենա մետրոպոլի նախագահի հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ և Հավր Սենա մետրոպոլի նախագահ Էդուար Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են խորհրդարանականներ, հասարակական և քաղաքական գործիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները բնորոշվում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և ընդլայնվող բազմոլորտ երկկողմ օրակարգով ու անդրադարձել հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին:
«Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել տարբեր մակարդակներում և ձևաչափերում ֆրանսիական կողմի, այդ թվում՝ պատվիրակության անդամների հնչեցրած հասցեական գնահատականները ու գործադրած ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը ու ԼՂ հիմնախնդրի հասցեագրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են նաև Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը:
Կարծիքներ