Փոխնախարարը վաղ է համարում հայտնելու ՀՀ-ի դիրքորոշումը «3+3» ձևաչափի մասին
Արտաքին գործերին նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի կարծիքով` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ամենակարևոր ընդհանրական մոտեցումն այն է, որ բոլոր տարածաշրջանային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող մարմինները և ձևաչափերը:
«Մեզ համար առաջնային է, որ որևիցե կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Այս բոլոր առաջարկները դիտարկվում են, և այժմ դեռևս որևիցե առաջընթացի կամ որևիցե որոշման մասին դեռ վաղ է խոսել»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Գևորգյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը «3+3» ձևաչափի վերաբերյալ:
Ըստ փոխնախարարի` վերջին ժամանակներում միջազգային քաղաքականության մեջ ընթանում է «տարածաշրջանացման» գործընթացներ, և գլոբալ խաղացողների հետ զուգահեռ ի հայտ են գալիս տարածաշրջանային ուժեղ խաղացողներ:
«Եթե պատկերավոր ներկայացնենք, որոշակի եռաստիճան ձևաչափեր են ստեղծվում` գլոբալ խաղացողների, տարածաշրջանային խաղացողների մասնակցությամբ: Այս տեսակետից կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ և «3+3»-ը դրանցից մեկն է: Մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ` առանց կանխակալ վատ կամ լավ վերաբերմունք ունենալով որևէ առաջարկի նկատմամբ: Այս տեսակետից մեզ համար առաջնայինը Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունն է և վտանգների ու ռիսկերի հաշվարկումը»,- եզրափակեց Գևորգյանը:
Կարծիքներ