Խիստ կասկած ունեմ, որ ՀՀ-ի վրա Թուրքիայի հարձակման դեպքում ՌԴ սահմանապահները կարողանալու են պաշտպանել․ ԱԺ նախագահ

Խիստ կասկած ունեմ, որ ՀՀ-ի վրա Թուրքիայի հարձակման դեպքում ՌԴ սահմանապահները կարողանալու են պաշտպանել․ ԱԺ նախագահ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի դուրսբերման հարցը որոշված է, իսկ հայ-թուրքական սահմանից նրանց դուրսբերման հարց չի քննարկվել։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Խոսելով Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի դուրսբերման հարցի մասին՝  Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է, և այստեղ այլևս քննարկում չկա

«Փորձ է արվում այս գործընթացը ներկայացնել իբրև միջպետական պայմանագրի խախտում։ Սա եղել է միջգերատեսչական համաձայնություն, որի նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ սահմանապահներին, թեթևացնել նրանց բեռը։ Այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա։ Մենք տեղեկացրել ենք՝ շնորհակալ ենք, օգնեցիք, բայց այլևս Հայաստանի Հանրապետությունն այդ օգնության կարիքը չունի։ Մենք կարող ենք մեր օդանավակայանը ինքներս սպասարկել և մեր սահմանապահները նույնպես կարող են իրենց առջև դրած խնդիրը լուծել։

Հիմա էլ խոսում են, թե Թուրքիայի սահմանը ով է պահելու, ես շատ խիստ կասկած ունեմ, որ Թուրքիան որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են և պաշտպանելու են»,-ասաց Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե նշված հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Հայաստանն առաջիկայում կորոշի հայ-թուրքական սահմանից էլ դուրս բերել ՌԴ սահմանապահներին, Սիմոնյանը պատասխանեց, որ նման խոսակցություն չի եղել, ինքը պարզապես արձագանքում է  վերլուծաբանների կարծիքներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում