Նարեկ Մկրտչյանն ընդունել է արցախցի գործընկերներին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները, կարևորվել միասնական ջանքերի ներդրումը Միասնական սոցիալական ծառայության համակարգի զարգացման գործում։
Ընդգծելով նման հանդիպումների կարևորությունն ու արդյունավետությունը՝ Նարեկ Մկրտչյանը հավելել է, որ Հայաստանը շարունակում է ամուր կանգնել գործընկերների կողքին՝ արցախցիներին որակյալ սոցիալական ծառայություններ մատուցելու հարցում ևս․
«Հայաստանի և Արցախի միջև սոցիալական ոլորտում գործընկերային հարաբերությունների ամրապնդումը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից։ Արդյունավետ համագործակցությունից առաջինը կշահեն քաղաքացիները՝ ստանալով օպերատիվ և հասցեական ծառայություններ։ Այս հարցում ևս մենք պատրաստակամ ենք օգտագործելու առկա ռեսուրսներն ըստ անհրաժեշտության»,- նշել է նա։
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցները ներկայացրել են Արցախում վերջերս ներդրված Միասնական սոցիալական ծառայության աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, անդրադարձել ծրագրերի համակարգմանն ու գործառույթների արդյունավետ իրականացմանն առնչվող մի շարք հարցերի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախցի գործընկերների համար մասնագիտական դասընթացների կազմակերպման և տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունները։
Կարծիքներ