Ինչ է առաջարկել Տեր-Պետրոսյանը և ինչու է մերժել Քոչարյանը․ Մանրամասներ փակ հանդիպումից
Medianews-ը գրում է.
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանդիպել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Թե ինչ է խոսացվել փակ հանդիպման ժամանակ, հանդիպման մասնակիցները դեռ չեն բացահայտում, սակայն մեզ հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ։
Մեր տեղեկություններով հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է նախկին նախագահներին ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում մի կողմ թողնել իշխանության համար պայքարն ու կանգնել իշխանության կողքին, որպեսզի միասնական ուժերով փորձեն երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից։ Ըստ Տեր-Պետրոսյանի հիմա ժամանակը չէ իշխանության համար կռիվ տալու, այլ ժամանակն է համախմբվելու ու արտաքին թշնամու դեմ կռիվ տալու։
Սակայն ուշագրավ է, որ Տեր-Պետրոսյանի այս առաջարկը մերժել է Ռոբերտ Քոչարյանը, ով հայտարարել է, որ անկախ սահմանային իրավիճակից շարունակելու է պայքարել Հայաստանի իշխանությունների դեմ, պայքարելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իշխանափոխության։ Ավելին՝ Քոչարյանը մեղադրել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին պարտվողական ու զիջողական քաղաքականություն վարելու մեջ։
Արդյունքում նախկին նախագահների հանդիպումն ավարտվել է առանց վերջնական պայմանավորվածության։
Կարծիքներ