Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն շեշտում է՝ 109 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ տարիներ շարունակ տևած մահապատիժները, բռնի տեղահանումները և բոլոր տեսակի վայրագությունները երկար ժամանակ թաքնված են մնացել։ Նա ցավ է հայտնել, որ Ցեղասպանության փաստը դեռ հերքվում է մեծ թվով դերակատարների կողմից։
«Միջազգային հանրության կողմից այդ հանցագործությունների ճանաչումն ու միանշանակ դատապարտումը կարևոր են ոչ միայն զոհերին արդարադատության տուրք մատուցելու համար, այլև անցյալի կրկնումը կանխելու համար», - ասել է Կաստալդոն՝ հավելելով, որ բոլորն էլ գիտեն, թե այս վերջին տարիներին ինչ մարտահրավերների է բախվել հայ ժողովուրդը:
«Այժմ մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի վերջ դնենք այս տառապանքներին: Մենք պետք է միասին աշխատենք տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար։ Մենք բոլորս միասին պետք է աշխատենք հայ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար, ապագա, որը կա և պետք է լինի մեր ընդհանուր եվրոպական ընտանիքում», - եզրափակել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը:
Կարծիքներ