Ռոմանոս Պետրոսյանը վարել է մրցութային հանձնաժողովի նիստը

Ռոմանոս Պետրոսյանը վարել է մրցութային հանձնաժողովի նիստը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նիստը, որն առաջին անգամ գլխավորել է Շրջակա միջավայրի նախարարը, որպես հանձնաժողովի նախագահ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Վարձակալության և կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացված 5 հողակտորներից հանձնաժողովը հաստատել է միայն 1 հողամասի փաթեթը։

«Նախարար Ռ. Պետրոսյանի առաջարկով և հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ հաստատվեց «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» տեղամաս» մասնաճյուղի ռեկրեացիոն գոտում 1,9 հա հողամասը վարձակալության իրավունքով՝ բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով մրցույթի ներկայացնելու մասին փաթեթը։ Կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացնելու մասին մյուս նախագծերը հանձնաժողովի կողմից չհաստատվեցին։

Նախարար Ռ. Պետրոսյանի առաջարկով հանձնաժողովի նիստին քննարկվեց բնության պահպանվող հատուկ տարածքներում հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների անցկացման առժամանակ կասեցման հարցը, քանի դեռ չեն վերանայվել ու մշակվել գործուն ընթացակարգեր՝ պայմանավորված բնապահպանական, քաղաքաշինական և այլ առանցքային գործոններով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում