Օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով

Օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով

Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել  և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները:  Իսկ, եթե Հայաստանում առաջանում է վճարման ենթակա եկամտային հարկ, ապա նրանք պարտավոր են ինքնուրույն հաշվարկել այն և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը, բա­ցա­ռա­պես էլեկ­տրո­­նա­­յին եղա­նակով, հարկային մար­մին ներ­կա­յացնել եկամտային հարկի տարեկան հաշ­վար­կ:

Նշվում է, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև հարկային օրենսդրության պահպանման և այդ բնագավառում խախտումների դեմ պայքարի հարցերով համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները Աստանա քաղաքում 2018 թվականի նոյեմբերի 2-ին կնքել են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է 2020թ. փետրվարի 12-ին: Նշված արձանագրության շրջանակում հարկային մարմինը ստացել է տեղեկատվություն` ԱՊՀ անդամ պետություններում ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանուցումներ է ուղարկել ՀՀ հարկային օրենսդրության համաձայն հարկեր հաշվարկելու և վճարելու պարտականություն ունեցող քաղաքացիներին՝ զերծ մնալով կոշտ վարչարարությունից: Միաժամանակ, Կոմիտեն պատրաստակամություն է հայտնում, մեղմ վարչարարության շրջանակում, թեմայի շուրջ քննարկումներ ծավալել հարկային օրենսդրության կարգավորումների մասով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում