Կիևում Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համաժողով է կազմակերպվել

Կիևում Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համաժողով է կազմակերպվել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված կոնֆերանս: «Արմենպրես»-ի փախանցմամբ՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից ու Ուկրաինայի հայ համայնքից բացի, կոնֆերանսի կազմակերպիչներից էր նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:

Կոնֆերանսն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների պատմությանը, ներկային, մտքերի փոխանակում է տեղի ունեցել այն ուղիների վերաբերյալ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը։

Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ դեսպան Վլադիմիր Կարապետյանը կարևորել է փաստը, որ Ուկրաինայի արտգործնախարարությունը համակազմակերպիչ է: Դեսպանը նկատել է, որ երկու երկրների արտգործնախարարությունները ջանում են, որպեսզի պետական մակարդակով Հայաստանի ու Ուկրաինայի հարաբերությունները լինեն նույնքան ջերմ, որքան այդ երկրների ժողովուրդների հարաբերություններն են: Այնուամենայնիվ, ըստ դեսպանի, դիվանագետները դեռ շատ անելիքներ ունեն, որպեսզի պետությունների հարաբերությունները համապատասխանեն Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների սպասումներին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Դրահանը և Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Նրանք կարևորել են համաժողովին մասնակցող ուկրաինացի և հայ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների, քաղաքագետների անկեղծ ու բաց քննարկումները, վստահություն հայտնելով, որ դրանցում ձևավորված առաջարկություններն ու նկատառումները լսելի կդառնան նաև պետական կառույցների համար։

Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով նախատեսվում է կազմակերպել է նաև այլ միջոցառումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում