Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը լուրջ քայլեր է պահանջում, և անհամբեր սպասում ենք Ռուսաստանի դերին․ Ալիև

Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Պուտին-Ալիև հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել պաշտոնական Կրեմլը, որում ասված է․
«Հարգելի Իլհամ Ալիև․
Շնորհակալություն Սոչի այցելելու համար։ Սա, ըստ էության, ձեր և Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում է, որն իմ կարծիքով, կարևոր է։
Այս հանդիպման նպատակը, ինչպես ես եմ տեսնում, մեր բոլոր պայմանավորվածությունների իրականացումն ապահովելն է, որոնք ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին։ Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում։ Եվ հիմա մեր խաղաղապահ զորախումբն իր առաքելությունը կատարում է այնպես, ինչպես պետք է։ Ես շնորհակալ եմ այս գնահատականների համար։
Եվ այսօր, իհարկե, մեզ անհրաժեշտ կլինի խոսել այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է, և ուղիներ փնտրել՝ լուծելու դեռ չլուծված հարցերը։ Այս առումով կնշեի նաև տնտեսական բնույթի մի կարևոր բաղադրիչ՝ մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը գլխավորում են փոխվարչապետները։
Նրանք բավականին առաջ են գնացել այն հարցերի լուծման առումով, որոնց մասին մենք խոսում էինք երկու տարի առաջ։ Այստեղ էլ, ըստ երեւույթին, պետք է լրացուցիչ թափ հաղորդել։ Ես գիտեմ, որ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ բավականին ակտիվ է աշխատում։
Հարցերի շրջանակը բավականին մեծ է»,-ասել է ՌԴ նախագահը։
Ադբեջանի նախագահը իր խոսքում ասել է․
«Շնորհակալություն հրավերի համար, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ։
Ուրախ եմ կրկին տեսնել ձեզ:
Ես և դուք հանդիպեցինք նաև անցյալ ամիս, և այս ամիս մենք հնարավորություն ունեցանք բավական մանրամասն քննարկել երկկողմ հարաբերությունները, նշել այդ հարաբերությունների դրական դինամիկան։
Այսօրվա հանդիպումը նվիրված է մեր տարածաշրջանային խնդիրներին։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ այն դերի համար, որ դուք խաղացել եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ համաձայնագիր, որը վերջ դրեց երկարաժամկետ հակամարտությանը։
Հիմա եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Եվ իհարկե, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այս հարցում։
Այսօրվա եռակողմ հանդիպումը, որը կհաջորդի քիչ ուշ, մեր առաջին հանդիպումը չի լինելու, ձեր նախաձեռնությամբ են նման հանդիպումներ եղել, և, ես տեսնում եմ, դրանք շատ լավ խթան են տվել կարգավորման գործընթացին։
Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ քաշեց հինգ հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ Սրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են, և ես կարծում եմ, որ այդ հիմքի վրա կարելի է հասնել հարաբերությունների նորմալացման։
Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։
Իսկ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը մի ձեւաչափ է, որն, իհարկե, շատ լուրջ քայլեր է պահանջում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր շարունակական ակտիվ անձնական դերին և Ռուսաստանի դերին այդ նպատակներին հասնելու գործում:
Կրկին շնորհակալություն հրավերի համար»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Սոչիում տեղի էր ունեցեկ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Կարծիքներ