Բանակի մաս լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար, բայց նաև՝ մեծագույն պարտավորություն. Պապիկյան

Բանակի մաս լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար, բայց նաև՝ մեծագույն պարտավորություն. Պապիկյան

Հունվարի 28-ին ՀՀ բանակը դարձավ 33 տարեկան: Այսօրը ոչ միայն գործող բանակի զինվորականների, պահեստազորի մեր գործընկերների, այլ նաև անմահության ճանապարհը բռնած մեր նահատակ եղբայրների ոգեկոչման և հիշատակի օրն է:

Այս մասին ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ նախարարի, բանակը յուրաքանչյուր պետության անկախության ու ինքնիշխանության խորհրդանիշներից և երաշխավորներից մեկն է: Բանակի մաս լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար, բայց նաև՝ մեծագույն պարտավորություն:

«Ամեն տարի այս օրը մենք պիտի հետադարձ հայացք ձգենք անցյալին և նախկինում մեր արածին ու չարածին: Մեր բացթողումների ու անհաջողությունների գիտակցումը պիտի դաս դառնա մեզ համար:

Անհնար է կերպափոխվել առանց գիտակցման։ Մենք պիտի խոստովանենք, որ թերությունները քողարկելու արատավոր պրակտիկան, անհարկի ու չարդարացված ինքնավստահությունը, խոսքի և իրականության հակասությունը վնասել և շարունակում են վնասել բանակի պաշտպանունակությանը:

 

Բանակի՝ միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացման ուղին ընթացիկ բարեփոխումների ծրագրում համատեղվում է ձեռքբերումներն ու բացթողումներն օբյեկտիվորեն գնահատելու, ճշմարտությունը բացահայտելու, մեր խնդիրների մասին բաց խոսելու, լոզունգներից ու զգայացունց կոչերից գործնական, նպատակաուղղված քայլերի անցնելու պրակտիկայի հետ»,-ասել է Պապիկյանը:

ՀՀ բանակի ամենաարժեքավոր կապիտալը մեր կադրային ռեսուրնս է։ Զինված ուժերը կիրթ ու բանիմաց կադրերով համալրսելու նպատակով վերջին տարիներին մեծ փոփոխություններ են իրականացվել ռազմական կրթության ոլորտում։

«Հանրապետության ռազմական կրթօջախներում են ձևավորվում զինուժի պաշտպանունակության կարևորագույն բաղադրիչները, այսօրվա և վաղվա բանակի դիմագիծը, նրա արհեստավարժությունը, բարոյական նկարագիրն ու արժեհամակարգը։ Ցավով պիտի խոստովանենք, որ սպայի մասնագիտությունը հայ պատանիների համար դեռևս ամենանախընտրելի մասնագիտությունների շարքում չէ:

Մենք հստակեցրել ենք մեկ հարցի պատասխան. ինչու պետքէ հայ պատանին ցանկանա սպա դառնալ և հասկացել, որ սպայի մասնագիտությունը գրավիչ դարձնելու համար պետք է բարեփոխումները սկսենք հենց ռազմական կրթությունից»,- ասել է Պապիկյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում