Ռուսաստանն ակնկալում է հստակեցում Նիկոլ Փաշինյանի խոսքերի վերաբերյալ. Կրեմլ
Մոսկվան Երևանի հետ շփումներում ակնկալում է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները «հիմնականում» Երևանին բերեցին «անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության որոշմանը»։
«Այս դեպքում մենք հակված չենք The Wall Street Journal-ին ընկալել որպես առաջնային աղբյուր, ուստի դեռ պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը։ Բարեկամներ, մենք ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունը այս հարցի վերաբերյալ: Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի, հատկապես Wall Street Journal-ի միջոցով: Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, և մենք շարունակելու ենք դա անել, ունենք շատ ծավալուն օրակարգ»,-ասել է Պեկսովը:
Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը, փորձում է օգնել Բաքվին և Երևանին վերջապես խաղաղության պայմանագրի կնքմանը։
«Սա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և ողջ տարածաշրջանում ավելի դրական, ստեղծագործ կենսամակարդակի հասնելու համար»,- ամփոփել է նախագահի մամուլի քարտուղարը։
Կարծիքներ