Որոշումը չեղարկվեց. շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը. պատգամավոր
Սույն թվականի մայիսի 27-ի Կառավարության թիվ 874 – Ն որոշմամբ մի շարք համյանքներ դուրս էին մնալու բարձր լեռնային համայքի կարգավիճակից:
Ըստ կառավարության այդ որոշման՝ Շիրակի մարզի Աշոցք, Արփի, Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքներից 7 գյուղ` Աշոցք, Կարմրավան, Կրասար, Ձորաշեն, Մեծ Սեպասար, Սարապատ, Ալվար, դուրս էր գալիս բարձր լեռնային համայնքի կարգավիճակից, ինչը ոչ միայն ազդելու էր համայնքներին տրվող դոտացիայի վրա, այլ նաև առանց այն էլ ծանր պայմաններում ապրող բնակչությունը չէր կարողանալու օգտվել մի շարք արտոնություններից, որոնք տրվում են բարձր լեռնային համարվող համայնքների բնակիչներին։
Համայնքի բնակիչների հետ հանդիպման արդյունքում հասկացանք, որ մեծ դժգոհություն է առաջացրել մարդկանց մոտ և, հետևապես, հաշվի առնելով բնակչության բարձրացրած հարցը, բանավոր քննարկումներ ունեցա կառավարության համապատասխան ոլորտի մեր գործընկերների` Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ, ներկայացրեցի դժգոհող քաղաքացիների հիմնավորումները ու խնդրեցի որոշումը վերանայել:
Ուրախ եմ, որ սույն հարցը բարձրացվել է նաև Գեղարքունիքի մարզպետ` Գնել Սանոսյանի և ԱԺ պատգամավոր` Թագուհի Թովմասյանի կողմից։
Արդյունքում այսօր Կառավարությունը չեղարկեց այդ որոշումը՝ բոլոր այն համայնքերը, որոնք նախկինում համարվել են բարձր լեռնային, կշարունակեն մնալ նույն կարգավիճակում` այնքան ժամանակ, մինչև ժամանակակից տեխնոլոգիաներով ամբողջությամբ ուսումնասիրության չենթարկվի բոլոր համայնքների բարձրությունը ծովի մակերևույթից։
Եվս մեկ անգամ փաստենք, որ Կառավարությունը ականջալուր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու խնդրին: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը։
Այս ամբողջ ընթացքում ամենազարմանալին այն հանգամանքն էր, որ մարզային իշխանության կողմից որևէ առարկություն չի եղել այդ որոշման դեմ։
Պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ