Կառավարությունն արտոնություն տրամադրեց Երևանում 250 Մվտ հզորությամբ կայանի կառուցման ծրագրին
Կառավարությունը բավարարեց «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ըստ հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Երևանում էլեկտրաէներգիայի արտադրության համար (250Մվտ հզորությամբ գազային վառելիքով աշխատող համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցում)։
Ընկերությունը 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է ԱԱՀ-ի գումարները 3 տարի ժամկետով երկարաձգման արտոնություն:
Արդեն իսկ իրականացվել է շուրջ 69 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 61 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման, իսկ մնացած մասը էլեկտրակայանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 6 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 106 նոր աշխատատեղ` 545 հազար դրամ միջին աշխատավարձով։
Կայանի հզորությունը կազմելու է շուրջ 250Մվտ: Միայն հզորության մասով տարեկան իրացման ծավալը կազմելու է շուրջ 20 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները որոշվելու են համակարգի օպերատորի կողմից: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ մատակարարվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 1․4 մլրդ դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին:
Կարծիքներ