Նախնական ընտրությունների արդյունքներով Գյումրիում առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է

Նախնական ընտրությունների արդյունքներով Գյումրիում առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում ամփոփվել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության արդյունքները. երեքօրյա նախնական ընտրությանը մասնակցել է 1050 գյումրեցի, անվավեր է ճանաչվել 34 քվեաթերթիկ, 11-ում եղել են անճշտություններ։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նախնական ընտրությունների արդյունքներով առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է։ 

Ինքնաառաջադրված  7 թեկնածուներից առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է՝ 253 ձայնով։ Նա 2013-2017 թվականներին զբաղեցրել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։ 2018 թվականին ընտրվել է պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Այժմ զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավարի պաշտոնը։

Երկրորդ տեղում Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանն է՝ 220 քվեով։ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը հավաքել է 143 ձայն, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ 138 ձայն։ Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը հավաքել է 88 ձայն, ՔՊ երիտասարդական թևի Շիրակի մարզի համակարգող Էմմա Բարսեղյանը հավաքել է 113 ձայն, Լևոն Անանյանը՝ 91:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում