ԱՄՆ-ն մշակում է իսլամաֆոբիային հակազդելու ազգային ռազմավարություն․ Բայդեն
ԱՄՆ վարչակազմը հակամուսուլմանական տրամադրությունների սրման ֆոնին ձեռնամուխ է եղել իսլամաֆոբիային հակազդելու ուղղությամբ ռազմավարության մշակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը իսլամական սուրբ Ռամադան ամսվան նվիրված հայտարարությունում:
«Իմ վարչակազմը մշակում է պատմության մեջ առաջին ազգային ռազմավարությունը՝ հակազդելու իսլամաֆոբիային և դրա հետ կապված կողմնակալության ու խտրականության ձևերին», - ասվում է Սպիտակ տան կողմից տարածված հայտարարությունում:
ԱՄՆ նախագահը խոսել է երկրում մուսուլմանների նկատմամբ ատելության աճի մասին։
«Այստեղ՝ տանը, մենք ականատես եղանք մուսուլման ամերիկացիների նկատմամբ ատելության ու բռնության սարսափելի աճի։ Իսլամաֆոբիան բացարձակապես տեղ չունի Միացյալ Նահանգներում», - ասել է Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարը նաև անդրադարձել է Գազայի հատվածում ընթացող պատերազմին՝ հիշեցնելով, որ այն հանգեցրել է հսկայական թվով զոհերի: Նա հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները կշարունակի անխոնջ աշխատել առնվազն վեց շաբաթով անհապաղ ու կայուն հրադադար հաստատելու ուղղությամբ՝ պատանդների ազատ արձակման համաձայնագրի շրջանակներում»:
Ջո Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները «կշարունակի գլխավորել միջազգային ջանքերն ավելի շատ մարդասիրական օգնություն Գազա հասցնելու համար» ցամաքով, օդով և ծովով, ինչպես նաև «կաշխատի Իսրայելի հետ՝ ցամաքային մատակարարումների ընդլայնման ուղղությամբ»։
Կարծիքներ