«Լազարյան ակումբը» 7500 կրկնակի դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութ է ուղարկել Արցախի բնակչության համար
Ապրիլի 26-ին «Աէրոֆլոտ» ընկերության չվերթով Մոսկվայից Երևան է ուղարկվել Լեռնային Ղարաբաղի բնակչության համար նախատեսված «Սպուտնիկ V» պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ:
Հումանիտար ակցիան իրականացրել է Ռուսաստանի կառավարությունը՝ միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբի» նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Լազարյան ակումբի» կայքը, ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ իր առաջարկով Դուման հունվարին քվեարկել է Լեռնային Ղարաբաղում բնակչության պատվաստմանն աջակցելու խնդրանքով ՌԴ կառավարությանը դիմելու օգտին:
«Այսօր մենք Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Քամալովի հետ Երևան ենք ճանապարհել պատվաստանյութը տեղափոխող չվերթը»,- նշել է Զատուլինը՝ ակցիայի կազմակերպման համար շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Դմիտրի Կոզակին, ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային, Արմայիս Քամալովին, Սամվել Կարապետյանին, Սերգեյ Համբարձումյանին, Կամո Ավագումյանին:
Կարծիքներ