ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի
Մայիսի 9-ին Հունգարիայի Վարպալոտա քաղաքի մոտ գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում տեղի է ունեցել «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժության ամփոփման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության ենթակայությամբ գործող 2-րդ մակարդակի դաշտային շարժական հոսպիտալը։
Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
Զորավարժության փակման հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը:
Ամփոփման արդյունքներով՝ ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի, իսկ զորավարժությանը մասնակից, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի ղեկավար, գնդապետ Լացլո Ֆազեկասի կողմից։
ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալը նաև հրավեր է ստացել մասնակցելու հաջորդիվ կայանալիք նմանատիպ զորավարժությանը, որի պլանավորման աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Կարծիքներ