27 կամուրջ, 5 թունել. ինչպիսին է լինելու Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան Քաջարան հատվածը
Բարեկարգ, ժամանակակից չափանիշներին համապատասխան ու անվտանգ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսպես բնորոշեց Հյուսիս-հարավ նախագծի շրջանակում Սիսիան Քաջարան ուղղությամբ կառուցվող նոր ճանապարհահատվածը: Նախարար Սանոսյանը նշեց, որ այն խոշորամասշտաբ ծրագիր է՝ իր բավական ընդգրկուն ենթակառուցվածքներով:
«Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ամբողջ երկարությունը մոտ 560 կմ է, այս 60 կմ-ն ամենաառանցքային հատվածներից մեկն է: Այժմ Սիսիանից դեպի Քաջարան գործող ճանապարհին միջինում ունենք 50 կմ/ժ արագություն: Այս նոր ճանապարհով մենք կունենանք 100 կմ/ժ արագություն, որը երկու ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը: Այն կլինի բարեկարգ, ժամանակակից չափանիշներին համապատասխան, անվտանգ ճանապարհ, ինչը ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է»,-ասաց Գնել Սանոսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ այն ամբողջովին նոր ճանապարհահատված է, որտեղ կան շուրջ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ: Կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ: Ընդհանուր լինելու է 5 թունել, որոնցից մեկը միայն 8.6 կմ երկարություն կունենա: Գնել Սանոսյանի խոսքով՝ սա խոշորամասշտաբ ծրագիր է:
«Ամեն ինչ կանենք, որ միջազգային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան: Եթե այլ խոչընդոտներ չլինեն, ապա տարվա վերջ արդեն կունենանք շինարար»,-ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հյուսիս-հարավ հատվածում կան բնական գործող ճանապարհներ: Արևելք-արևմուտք հատվածում դրանք բացակայում են: Վարչապետը հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ հնարավորինս արագ կհասնեն լուծումների:
Կարծիքներ