ԵՄ դիտորդական առաքելության ժամկետների երկարացման կարիք կա. Արսեն Թորոսյանը՝ լիտվացի գործընկերներին
Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հանդիպել է Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգամանտաս Պավիլիոնիսի հետ։
Թորոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական իր էջում:
Հանդիպումների ժամանակ Արսեն Թորոսյանը խոսել է հայ-լիտվական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև՝ դրանք հետագայում ավելի խորացնելու անհրաժեշտության մասին։
«Քննարկել ենք նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման կարևորության և այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու հարցը։
Անդրադարձ եղավ նաև մեր տարածաշրջանում եղած անվտանգային իրավիճակին»,- գրել է Թորոսյանը:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատային Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12-14-ը իրականացված ագրեսիան դատապարտող հայտարարության համար։
«Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ԵՄ դիտորդական առաքելությանը՝ որպես տարածաշրջանային անվտանգության նոր ներդրված կարևոր մեխանիզմ։ Հատուկ շեշտեցի, որ կարիք կա դրա ծավալման ժամկետների երկարացման, ինչը թույլ կտա առավել երկար ժամանակով կայունություն բերել տարածաշրջան, որպեսզի հնարավոր լինի հասնել երկարատև խաղաղության՝ երկու երկրների միջև»,- գրել է Թորոսյանը:
Կարծիքներ