Մահացու զանգվածային հրաձգության նոր դեպք ԱՄՆ-ում
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնին հարակից Վիրջինիա նահանգի ոստիկանությունը հետաքննում է երեքշաբթի ուշ երեկոյան Walmart խանութում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով վեց մարդ է զոհվել: Ոստիկանությունը հաստատել է, որ զոհվածների թվում է նաև հրաձիգը։Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Ոստիկանությունը նահանգի մայրաքաղաք Ռիչմոնդից մոտավորապես մեկուկես ժամ հեռավորության վրա գտնվող Չեսապիկ քաղաքում արձագանքել է ահազանգին ժամը 22:00-ից անմիջապես հետո:
Ոստիկանության ներկայացուցիչը նկարագրել է դեպքը այն բանից հետո, երբ իրավապահները մտել են խանութ:
«Մենք մուտք գործեցինք շենք և սկսեցինք տեղաշարժվել։ Մենք հայտնաբերել ենք բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Որոշ ժամանակ անց, օգնություն ցուցաբերելուց, կարողացանք հաստատել, որ ինչպես մտածում էինք, միայնակ հրաձիգ է գործել, ով սպանվել է»,- հայտարարել է Չեսապիկ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Լեո Կոսինսկին:
Իշխանությունները չեն հայտնում, թե ինչպես է հրաձիգը զոհվել: Նրանք նաև շատ մանրամասներ չեն տրամադրում հրաձգության հանգամանքների վերաբերյալ, այդ թվում՝ վիրավորների մասին։ Walmart-ի հայտարարության մեջ ասված է, որ ընկերությունը համագործակցում է ոստիկանության հետ և կարեկցանքի խոսքեր հղում համայնքին և աշխատակիցներին:
Այս հարձակումը հաջորդել է օրեր առաջ Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքի ԼԳԲՏ գիշերային ակումբում գրանցված հրաձգությանը, որի հետևանքով զոհվել է հինգ և վիրավորվել 18 մարդ: Զինված կասկածյալն այս դեպքում ձերբակալվել է։
Կարծիքներ