Երևանի համար նախատեսվում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս

Երևանի համար նախատեսվում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս

Հոկտեմբերի 13-ից ուժի մեջ են մտել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված լրացումները, որոնք համայնքին հնարավորություն են տալիս տուգանել այն կառուցապատողներին, ովքեր առանց ավարտական ակտի և թույլտվության փաստացի շահագործում են իրենց շենք-շինությունները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ, փոփոխության համաձայն, առաջին տուգանքը 500-700 հազար դրամ է, շարունակելու դեպքում՝ 1-1.5 մլն դրամ:

«Մենք նոր շրջափուլ ենք մտնում. բոլորը պետք է հանեն իրենց ավարտական ակտերը: Սա ևս մեկ անգամ նշանակում է, որ նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար, ուստի հորդորում ենք մնալ ձեր նախագծային փաստաթղթերի շրջանակում, որը ներկայացրել եք Երևանի քաղաքապետարան»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:  
***
Առևտրի և ծառայությունների վարչության նախապատրաստած նյութերով նախորդ շաբաթ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող ևս երեք բենզալցակայան: Քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ  բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների գործունեությունը մայրաքաղաքում պետք է դադարեցվի. դրանք առաջին հերթին անվտանգային խնդիրներ են առաջացնում: 
***
Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ և 17-րդ շենքերի բնակիչների խնդիրն աբողջությամբ կլուծվի: Համայնք - կառուցապատող - բնակիչ գործակցությամբ տեղում կկառուցվեն նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով: Զեկուցվել է, որ առաջիկայում բնակիչների հետ կկնքվեն պայմանագրեր: 
***
Երևանում հաջորդ տարվանից մեկ վարչական շրջանում կմեկնարկի ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Կարևոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ: Գծանշումների պարագայում կա հստակ պահանջ. հաջորդ տարվանից  գործընթացը կիրականացվի թերմոպլաստով: 
***
Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: Հանձնարարվել է սկսել գործընթացը: Հայեցակարգը մշակելու համար համայնքը խնդիրը քննարկում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ:
***
Համայնքը նախատեսում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս: Նախագիծը կյանքի կոչելու համար ՎԶԵԲ-ի հետ բանակցություններն արդեն սկսված են: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում