3 փողոց կասֆալտապատվի, կոյուղագիծ կկառուցվի, կընդլայնվի արտաքին լուսավորության ցանցը․ Արմավիրի մարզպետարան
Փարաքար համայնքում առաջնային կարևորություն ունեցող երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի.
- Կասֆալտապատվեն Ի.Գասպարյան, Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցները,
- Կկառուցվի Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագիծը, իսկ Էրեբունի փողոցինը կնորոգվի,
- Կընդլայնվի համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը։
Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ սուբվենցիոն ծրագրի առաջին բաղադրիչով կիրականացվի Փարաքար համայնքի Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների 0.9 կմ և Ի.Գասպարյան փողոցի 0.17 կմ հատվածի կապիտալ ասֆալտապատում, կբարեկարգվի նաև Թաիրովի 6-րդ և 7-րդ շենքերի 2000 քմ բակայան հատվածը:
Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցման, իսկ Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգման ծրագրով կհիմնվի 1420 գծմ կեղտաջրերի հեռացման համակարգ, որի արդյունքում կնվազի օդի աղտոտվածությունն ու գարշահոտությունը:
Համայնքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրով էլ մշտական և անխափան լուսավորությամբ կապահովվեն Այգեստան (730 մ), Սևան (730 մ) և Արարատյան (270 մ) փողոցները: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կտեղադրվի 33 նոր հենասյուն, 72 լեդ լուսատու, 39 հենասյուն էլ կվերազինվի:
Վերոնշյալ ծրագրերի իրականացման ընթացքում կստեղծվի ավելի քան 30 ժամանակավոր աշխատատեղ:
Կարծիքներ