Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպանների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ խոսելով մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ տնտեսական դժվարությունների, պարենի անվտանգության խնդրի, վերջին շրջանում Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Սահմանադրության և սահմանադրական բարեփոխումների մասին: Նախագահ Սարգսյանը պատասխանել է այս թեմաների վերաբերյալ դիվանագետներին հետաքրքրող հարցերին:
Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Սահմանադրությունը պետք է հավասարակշռված լինի՝ հիմնված զսպումների և հակակշիռների մեխանիզմների վրա: Ուրախ եմ, որ կառավարությունը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները։ Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Օգտագործելով առիթը՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ դժվարին ժամանակներում Հայաստանին աջակցելու համար: Նշելով, որ ներկայումս բոլորի համար դժվար ժամանակներ են և դրանք շուտ չեն ավարտվելու՝ նախագահը կարևորել է փոխօգնությունը, համատեղ աշխատանքն ու ջանքերը: «Եթե միասին չաշխատենք, ապա կսահմանափակենք մեր հաջողությունները,- ընդգծել է նա։ -Շնորհակալություն մեր բարեկամության համար»:
Կարծիքներ