Շուտով կսկսվի Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդության քննությունը. պատգամավորները դատարանի բակում են
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են. ժամը 19:00-ին այստեղ մեկնարկելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդության քննությունը:
Դատարանի բակում են ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը եւ ուրիշներ:
Մարդկանց հոսքն այստեղ գնալով շատանում է, եւ ոստիկանությունը պարբերաբար հիշեցնում է, որ արտակարգ դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը, ինչի դեպքում իրենք կարող են քաղաքացիներին բերման ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագրին: Դրա վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ ինքը Ծառուկյանը՝ ասելով, որ կատարված գործընթացները հազիվ 1-2 ամիս տեւեն, եւ զուր տեղը հերոսացնում են իրեն: Նիստից հետո Ծառուկյանը գնաց ԱԱԾ՝ հարցաքննության, որի ժամանակ նրան մեղադրանք առաջադրվեց, եւ միջնորդություն ներկայացվեց դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Թե կոնկրետ ինչ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել, պաշտպանները դեռեւս չեն մանրամասնել: Հարուցված քրեական գործն ու միջնորդությունը Ծառուկյանը շինծու է որակել:
Կարծիքներ