Հայաստանի և Չինաստանի միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև՝ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքումը։
Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, իսկ չինական կողմից՝ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։ Համաձայնագիրը նախատեսում է ՉԺՀ կառավարության կողմից անհատույց օգնության տրամադրումը` Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման նոր տաղավարի նախագծի և այլ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման շրջանակներում:
ԱԳՆ տեղեկացմամբ՝ ստորագրման արարողությանը մասնակցում էր նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: ԱԳ նախարարի տեղակալը և Չինաստանի դեսպանը ստորագրման արարողությանն ընդառաջ կայացած հանդիպման ընթացքում՝ բարձր գնահատելով Հայաստանում իրականացված տեխնիկատնտեսական ծրագրերի մասով ՉԺՀ կառավարության օժանդակությունը, մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի վերաբերյալ:
Կարծիքներ