Ադրբեջանական ԶՈՒ-երի՝ ՀՀ սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն
Նախօրեին Սյունիքում Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ:
«2021թ. նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց թույլտվության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքին հարող ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու, այնտեղ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու, ՀՀ տարածքի այդ մասը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացնելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակներում, հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները:
Դրանց կապակցությամբ ևս կտրվել իրավական գնահատականներ»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
Կարծիքներ