Հունաստանի գլխավոր շտաբի պետը խոստացել է «վառել» թուրքերին, եթե համարձակվեն երկիր ներխուժել
Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են արձագանքել և կանխել Թուրքիայի ցանկացած գործողություն, և խոստացել է «վառել» նրան, ով կներխուժի երկիր, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է հունական Open հեռուստաալիքը:
«Մեկ շաբաթ առաջ գլխավոր շտաբի պետը մի շարք այլ զինծառայողների հետ պարաշյուտային թռիչք կատարեց՝ այդկերպ ուղերձ հղելով Թուրքիային: Ինչ վերաբերում է Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ագրեսիվությանն, ապա գեներալը որևէ կասկած չթողեց, թե ինչ պատասխան կտան երկրի զինված ուժերը, եթե Թուրքիան հանկարծ որոշի խախտել Հունաստանի ինքնիշխանությունը: Նրան, ով կհամարձակվի ոտքը հունական հողին դնել, նախ կվառենք, հետո նոր կհարցնենք՝ ով էր», - հաղորդում է հունական աղբյուրը:
Գլխավոր շտաբի պետը ռազմական կոնֆլիկտի հավանականությունը չի բացառել, եթե Թուրքիան, ըստ նրա, հատի կարմիր գծերը, և ենթադրել է, որ նման զարգացման դեպքում բախումը կընդարձակվի: «Եթե որևէ մեկը հարձակվի Հունաստանի զինված ուժերի վրա, շատ թանկ կվճարի դրա դիմաց: Էրդողանն անում է այն, ինչ ասում է, մենք էլ անում ենք այն, ինչ մենք ենք ասում», - հայտարարել է գեներալը:
Թուրքիայի և Հունաստանի միջև հակասության առարկա է Էգեյան ծովում գտնվող Կաստելորիզո կղզին, որը Թուրքիայի ափից ընդամենը 2 կմ է հեռու, իսկ մայրցամաքային Հունաստանից՝ 570 կմ: Կղզին երկու երկրների միջև ծովային սահմանազատման և տնտեսական բացառիկ գոտու տարանջատման հարցում վեճերի է հանգեցրել: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն ավելի վաղ հայտարարել էր, որ նման փոքր կղզին 40.000 քառ.կմ մակերեսով մայրցամաքային ծանծաղուտի տիրապետելու իրավունք չունի:
Կարծիքներ