Հյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքը
Հարավային Կորեայի մայրաքաղաքի արվարձանում գտնվող «Ինչհոն» միջազգային օդանավակայանը չորեքշաբթի երեք ժամով դադարեցրել է աշխատանքը՝ երկնքում ԿԺԴՀ-ից արձակած օդապարիկների հայտնվելու պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Լրատվամիջոցը, վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին, տեղեկացնում է, որ աղբով լցված օդապարիկներից մեկը նկատվել է տերմինալներից մեկի մոտ՝ ինքնաթիռի կայանատեղիում: Եվս մի քանիսը հայտնաբերվել են օդանավակայանի այլ հատվածներում: Ստեղծված իրավիճակում օդանավակայանի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես փակել երեք թռիչքուղիները։ Որոշ ժամանակ անց օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը:
Նման իրավիճակ առաջին անգամ չէր ստեղծվել «Ինչհոն» օդանավակայանում, որը գտնվում է ԿԺԴՀ-ի հետ սահմանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա։
Վերջին օրերին ԿԺԴՀ-ի տարածքից աղբով լեցուն մոտ 350 օդապարիկ է արձակվել Կորեայի Հանրապետության ուղղությամբ, որից շուրջ 100-ը իջել է Սեուլում և երկրի ամենախիտ բնակեցված Կյոնգիդո նահանգի հյուսիսում:
Կարծիքներ