«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համալրվել է 2 նոր բուժսարքավորմամբ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համալրվել է 2 նոր բուժսարքավորմամբ

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի աջակցությամբ համալրվել է վերջին սերնդի երկու նոր բուժսարքավորմամբ:

Նշվում է, որ նոր սարքը, ըստ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ ծառայության ղեկավար Սիմոն Փխրիկյանի, թույլ է տալիս մտնել տարբեր հատվածներ և մեծացված տեսնել ախտաբանական փոփոխությունները: Սա կարևոր է հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերման համար:

«Առհասարակ ժամանակակից բժշկությունը հնարավոր չէ պատկերացնել առանց այս սարքի»,- ասել է նա:

Հայտարարության մեջ ասվում է, որ սարքերը գնվել են փրկված երեխաներից մեկի բուժման համար հավաքված գումարի տնտեսումից, իսկ պակասող գումարն ավելացրել է հիմնադրամը։

«Շուրջ երկու տարի առաջ նորածին Միշային շնչելու և ապրելու համար անհրաժեշտ էր բացառիկ վիրահատություն արտերկրում: Անհրաժեշտ առաջին բուժօգնությունը տղան ստացել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Տեղի բժիշկների և Ֆրանսիայի Նեկեր հիվանդանոցի մասնագետների համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ երեխայի վիրահատությունը կատարել Ֆրանսիայում: Հիմնադրամի և ծնողների շնորհիվ մեկ գիշերվա ընթացքում կարողացանք շուրջ 39 հազար եվրո գումար հավաքվել: Տեղի ազգությամբ հայ բժշկի՝ Եղիա Կարապետյանի ջանքերի շնորհիվ ստացանք մեծ զեղչեր, և հնարավոր եղավ տնտեսել հավաքված գումարը, որը ծնողների ցանկությամբ որոշվեց ներդնել հիվանդանոցում: Որոշեցինք երկու բուժսարքավորում գնել: Պակասող միջոցներն ավելացրեց հիմնադրամը»,- պատմել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Երեխայի հայրը՝ Արամ Տեփանյանն էլ նշել է, որ ընտրել են այն սարքավորումները, որոնցով Հայաստանի բոլոր երեխաները անհրաժեշտության դեպքում կբուժվեն անվճար։

Նշվում է, որ բժշկական կենտրոնում ամեն տարի ավելի քան 700 վիրահատություն է կատարվում, որոնց մեծ մասը էնդոսկոպիկ եղանակով։ Հիմնադրամի շնորհիվ ձեռք բերված նոր էլեկտրական դանակը հնարավորություն կտա բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը՝ խուսափելով հետվիրահատական բարդություններից։

«Սա վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ գերմանական սարք է, որն օգտագործվում է բաց և էնդոսկոպիկ վիրահատությունների նպատակով: Տարբեր հյուսվածքներ անջատելու համար կատարում է դրանց միջով հատում: Այսինքն՝ մի քանի անգամ արագացնում է վիրաբույժի գործը և արյունատար անոթների զոդման ֆունկցիան է կատարում, ինչն ավելի արդյունավետ է, քան նախկինում ունեցած մեր սարքերը»,- նկատել է Դավիթ Դալլաքյանը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական և նորածնային վիրաբուժության բաժնի վարիչ Արտեմ Այվազյանն էլ հավելել է. «Վերջին սերնդի դանակը թույլ է տալիս մեզ աշխատել ավելի արագ և ներդնել մինիմալ ինվազիվ տեխնոլոգիաները: Այս սարքը հնարավորություն է տալիս վիրահատությունը կատարել ավելի արագ: Կրճատում է հիվանդի՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածը»:

Սարքն արդեն այս շաբաթ գործի կդրվի: Նախատեսված բարդ վիրահատությունը կկատարվի հենց դրա օգնությամբ: Մասնագետները կարևոր են համարել, որ բուժկենտրոնը պարբերաբար համալրվի նորագույն բացառիկ սարքավորումներով, ինչը թույլ կտա արտերկրի փոխարեն Երևանում կատարել վիրահատություններ:

«Մենք հիվանդանոցի կողքին ենք և փորձելու ենք մի շարք փոփոխություններ կատարել: Մեր հիմնադրամի նպատակը ոչ միայն առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին օգնելն է, այլև կառուցվածքային բարեփոխումներին հասնելը»,- նշել է Արմեն Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում