Էլեկտրոնային ծառայություններ մատուցողները ավելացված արժեքի հարկ կվճարեն

Էլեկտրոնային ծառայություններ մատուցողները ավելացված արժեքի հարկ կվճարեն

Կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որի հիմնական նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրոնային ծառայության հասկացության սահմանման հստակեցումն է:

Oրինագծի նպատակն է նաև էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնների սահմանումը, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի հաշվարկելու և վճարելու կարգավորումների նախատեսումն է:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս նախագծով կարգավորել են ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից ՀՀ-ում գտնվող ֆիզիկական անձանց էլեկտրոնային հարկման հետ կապված հարաբերությունները:

«Ներկայումս համապատասխան կարգավորման բացակայության պատճառով պետական բյուջեն կորցնում է միջոցներ ավելացված արժեքի հարկի գծով»,- ասաց նա:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է.

1) սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը` հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵԱՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,

2) կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը:

Նախագծով ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում, այդ թվում` մասնակի, կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ:

ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով Կառավարության կողմից սահմանվում է հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների մասով ՀՀ հարկային օրենսգրքով համապատասխան կարգավորումների սահմանում։ Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի գծով լրացուցիչ հարկային մուտքերի ապահովում:

«Մենք նախագծել ենք համապատասխան էլեկտրոնային ծրագրի տեխնիկական առաջադրանքը, որը հնարավորություն է տալու առանց որևէ բարդության էլեկտրոնային եղանակով գրանցվել հարկային մարմնում և ներկայացնել համապատասխան հաշվարկը: Այս եղանակով պոտենցիալ հարկ վճարողների հետ բանակցություններ են եղել մինչ այս փուլը ու նրանց հետ համաձայնեցված է էլեկտրոնային ծրագրի բոլոր բաղադրիչները: Այս փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2022-ի հունվարի 1-ից»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում