Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, հավելելով, որ նրան տեղափոխել են հուլիսի 3-ին:
«Այնպես չէ, որ նրա առողջական վիճակը լավ է: Ունի շաքարային դիաբետ»,- ասաց Ալեքսանյանը:
Պաշտպանի խոսքով` երբ Չարչյանին տեղափոխում էին քրեակատարողական հիմնարկ, կար բժշկի կողմից տրամադրված համապատասխան ուղեգիր, որ նա բժշկական հսկողության կարիք ունի, և այդ բժշկական հսկողությունը փաստացի նրան այս պահի դրությամբ չի ապահովվում:
«Արդեն ձեռնարկվում են համապատասխան միջոցներ Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար»,- հավելեց Ալեքսանյանը:
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Կարծիքներ