Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է ակտիվացնել հոգեբանական աջակցության տրամադրման ծրագրի ընթացքը
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ ԱԻՆ-ում կայացել է ամենամսյա խորհրդակցություն:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հունիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներ են ներկայացրել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմենուհի Գրիգորյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Արտաքին կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը, նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը:
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից և հավատարմագրված անձանցից մեկ ամսում ստացվել, վերլուծվել և ԱՎՕ-ների ռեեստրում գրառվել է թվով 1149 տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություն: Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում իրականացվել է ԱՎՕ-ի 119 գրանցում, 61 շահագործող անձի փոփոխություն, 99 վերազինում, 2 ապամոնտաժում, 5 կոնսերվացում, 15 հասցեի փոփոխություն, 13 շահագործողի անվան փոփոխություն: Համաձայն ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի զեկույցի՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից հունիսին 176 երկրաշարժի տվյալ է գրանցվել: Օպերատիվ որոշվել են 39 երկրաշարժի հիմնական պարամետրերը: Իրականացվել են շենք-շինությունների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ՝ ինչպես պետական համալիր ծրագրերի համաձայն, այնպես էլ պայմանագրային հիմունքներով:
ԱԻ նախարարի պաշտոնակատարը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիներին պետական ֆինանսավորմամբ տրամադրվող հոգեբանական աջակցության գործընթացին, որի համակարգումն իրականացնում է ԱԻ նախարարությունը: Անդրանիկ Փիլոյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքների ընթացքը, պարբերաբար թարմացնել շահառուների ցուցակները:
Հոգեբանները մասնագիտական օգնություն են տրամադրում նաև առցանց տարբերակով և հեռախոսով: Գործում է Հոգեբանական աջակցության կոնսորցիում ֆեյսբուքյան էջը: Թիրախային խմբերում գտնվող քաղաքացիները կարող են զանգել թեժ գծին. հեռ.՝ 060-834-777:
Կարծիքներ