«Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերի հատուկ նշանակության հողերն ու շինությունները գնորդի անվամբ գրանցելու համար քրեական հետապնդում է հարուցվել

«Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերի հատուկ նշանակության հողերն ու շինությունները գնորդի անվամբ գրանցելու համար քրեական հետապնդում է հարուցվել

2022 թվականի նոյեմբերի 15-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարը Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 2 մլն 500 հազար դրամով վաճառված, Արարատի մարզում գտնվող «Երասխ 2» զորամասի 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողը և դրա վրա առկա շինությունները 2009 թվականի փետրվարի 2-ին Կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և տրամադրել է սեփականության իրավունքի վկայական:

Այս գործողությամբ Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարը խախտել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և   87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ըստ որոնց, արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը և այն շենքերը կամ շինությունները, որոնք կառուցված են այդ հողամասերում: Նշված պաշտոնատար անձն անտեսել է նաև 1999 թվականի մայիսի 6-ին ուժի մեջ մտած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված՝ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում պետական գրանցման արգելքը:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, դարձյալ Կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, կրկին անտեսելով Հողային օրենսգրքի վերոնշյալ պահանջները, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 4 մլն դրամով վաճառված, Արարատի մարզի Արմաշ համայնքի «Երասխ 1» զորամասի 1,2 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողը և դրա վրա առկա շինությունները, 2009 թվականի փետրվարի 16-ին Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և տրամադրել է սեփականության իրավունքի վկայական:

Վերոգրյալ երկու դեպքում էլ հիշյալ պաշտոնատար անձի արարքն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

2022 թվականի դեկտեմբերի 28-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ 2 դրվագ՝ 2003 թվականի օգոստոսի մեկին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին:

Որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրանք ներկայացնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում