Քաղաքական բեմականացման փորձերն ու «թեժ աշնան» իրական հավակնությունները

Քաղաքական բեմականացման փորձերն ու «թեժ աշնան» իրական հավակնությունները

Օգոստոսի 28-ին ԲՀԿ առաջնորդը հայտարարեց հանդիպումների, այնուհետև՝ մեծ հանրահավաքի կազմակերպման մասին։ Թեև «մեծ» բնորոշումը կարող է տարբեր իմաստներ ունենալ, սակայն ենթադրվող հանրահավաքին ընդամենը մի քանի հարյուր մարդկանց ներկայության հնարավոր հեռանկարը չէր կարող չանհանգստացնել կուսակցության պատասխանատուներին։ Այդպիսի զարգացման բացասական ազդեցությունը կարող է ԲՀԿ վարկանիշի վրա լուրջ ձախողման նախադրյալ հանդիսանալ։ Եվ ահա, ամենայն հավանականությամբ, որոշում է կայացվել «փորձնական խաղարկում» իրականացնել։

Քաղաքական դաշտում որևէ իրական դերակատարման չհավակնող արբանյակ կուսակցություններից մեկը երեկ հակաիշխանական «հանրահավաք» և երթ էր հայտարարել։ Թեև մասնակիցներն ընդամենը մի քանի տասնյակից ավելին չէին, սակայն գլխավոր նպատակը՝ հայտարարված «մեծ» հանրահավաքի նախերգանքն իրականացվեց։ Ավելին. երկրորդական դերակատարի միջոցով կոչ արվեց համախմբել քաղաքական դաշտի այդ հատվածում դիրքավորված քաղաքական կապիտալը։ Այլ հարց է, որ համախմբման հիմքերն այս պահին շատ մշուշոտ են։ Մի կողմից՝ այդ դաշտում գործող դերակատարներից ամեն մեկն ունի իր շահերն ու հավակնությունները, որոնք շատ էական հարցերում չեն համընկնում, իսկ մյուս կողմից՝ նույնիսկ ամբողջ ռեսուրսն ի մի բերելու դեպքում հնարավոր չի լինի իշխանության համար պայքարել։

Թե ինչպիսի հետևություններ կանեն «մայր» կուսակցությունում երեկվա հավաքից հետո՝ հայտնի կդառնա առաջիկայում։ Հնարավոր է, որ մինչև խոստացված «մեծ» հանրահավաքը կրկին կլինեն նման փորձեր։ Հնարավոր է նաև, որ ԲՀԿ առաջնորդն ընդհանրապես հանրահավաքի մտքից հրաժարվի՝ մարդկային ռեսուրսի ակնհայտ անբավարարության պատճառով։ Այնուամենայնիվ հարկ է արձանագրել այսօրվա հավաքի կարևորագույն արդյունքը, որը թեև հիմնական նպատակը չէր, սակայն հետագա քաղաքական զարգացումների առումով առանցքային նշանակություն կարող է ունենալ։ Պարզ դարձավ, որ ինչպես իշխանությունից հեռացված մարգինալների այլ նկրտումները, այնպես էլ ՀՀ ներկա իշխանության դեմ «փողոցային» պայքարն անիմաստ է, քանի որ անգամ իշխող ուժի գործողություններից դժգոհ կամ հիասթափված մարդիկ որևէ պարագայում հույսեր չեն կապում նախկին կամ նրանց հետ փոխկապվող քաղաքական ուժերի հետ։ 

ՀՀ քաղաքական դաշտում իրական դերակատար և ապագայի կերտման շարժիչ կարող է լինել միայն նոր և առողջ ընդդիմությունը, որի գաղափարախոսությունն ու հայրենիքի զարգացման տեսլականը համընկնում են հեղափոխության արդյունքում վերհանված արժեքային համակարգի հետ։ Հաճախ տարփողվող «թեժ աշունն» իրականում հնարավոր է, սակայն բոլորովին այլ օրակարգով և այլ դերակատարների՝ կառուցողական, ապագային միտված գործընթացների հարուցման միջոցով։

 

                                    Ռոբերտ Ղևոնդյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում