Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է բեղմնավոր աշխատանք և հաջողություններ իր պատասխանատու գործում:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Բրազիլիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և հայ-բրազիլական օրակարգը զարգացնելու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-բրազիլական հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք հարցերի։
Պարույր Հովհաննիսյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը։
Կարծիքներ