Բուայեն Ֆրանսիային կոչ արեց ԼՂ հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կոչ արեց Լեռնային Ղարաբաղի հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բուայեն ասաց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկման ընթացքում:
«Չէի կարծում, որ այս դահլիճում նորից կխոսենք էթնիկ զտումների մասին: Ցավում եմ, բայց մեր լռությունը դրա պատճառն է եղել: Որևէ բան չի արվել Հայաստանի համար, որևէ բան չի արվել, երբ հազարավոր հայեր տեղահանվել են: Մեր պետությունը մնացել է չեզոք, ասելով, որ Մինսկի խմբի համանախագահը պետք է լինի չեզոք: Մենք չենք կարող չեզոք մնալ, երբ ջիհադիստներ են գործում: Մնալ չեզոք, նշանակում է նորից մեր եղբայրներին, քույրերին, հայերին թողնել մենակ այս ագրեսիայի դեմ»,- ասաց Բուայեն:
Պատգամավորը նշեց, որ միայն Արցախի անկախության ճանաչումը կարող է լինել այնտեղ բնակվող անձանց անվտանգության երաշխիքը:
«Մենք պետք է ճանաչենք Ղարաբաղը: Փոքր երկիր, որն ունի մեծ մշակութային ու կրոնական արժեք: Անկախությունը միակ երաշխիքն է այնտեղ ապրող անձանց անվտանգության, դա միակ երաշխիքն է խաղաղության: Ֆրանսիան պետք է լինի առաջին երկիրը, որ կճանաչի այդ անկախությունը»,- նշեց պատգամավորը:
Կարծիքներ